shemm-beon-rebranding-cover-photo

 

ՇԵՄՄ-ից ԲԻՕՆ՝ 5 ԱՄԻՍ

 

Նախ տարիներ շարունակ բոլորին հուզող հարցի պատասխանը․ ինչ է նշանակում ՇԵՄՄ։ ՇԵՄՄ-ը 2011 թվականին իրենց ուժերն ու մասնագիտական կարողությունները մեկ երազանքի շուրջ համախմբած ընկերների ազգանունների առաջին տառերի միավորումն է, որի արդյունքում ստեղծվեց այն ժամանակ դեռ փոքր,  իսկ այժմ ոլորտի առաջատարներից հանդիսացող կազմակերպությունը:

2011 թվականի նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ ՇԵՄՄ հաշվապահական կենտրոնի կողմից կազմակերպված հաշվապահական դասընթացի առաջին խմբի առաջին հանդիպումը։ Այնուհետև ստորագրվեց հաշվապահական ծառայությունների մատուցման վերաբերյալ առաջին պայմանագիրը՝ մեր առաջին գործընկերոջ հետ։

Այն ժամանակ, երբ ՇԵՄՄ-ն առաջին անգամ մտավ շուկա մեծ թիմը, հաշվապահական ծառայությունների մասով հարյուրավոր հաճախորդները, դասընթացներին մասնակցած մի քանի հարյուր ուսանողները մեծ, անգամ անիրականանալի թվացող երազանքներ էին։ Իսկ նոր ծառայությունների մատուցման գաղափարն անգամ չկար։ 

Հնարավորությունները սուղ էին, իսկ նորն ու օգտակարը ստեղծելու ցանկությունն այնքան մեծ, որ արդյունքում հաղթահարվում էին բոլոր դժվարությունները։ Մեր առաջին գրասենյակի տարածքը փոքր էր՝ մեկ սենյակ։ Առաջին դասընթացի պարապմունքների ժամանակ գրասենյակում անգամ աթոռներն էին հաշված (նախնական հաշվարկից նախնական քանակից մեկ անձի շեղման արդյունքում որևէ մեկը կանգնած կմնար)) ): 

Բայց Մոսկվան էլ միանգամից չէր կառուցվել չէ՞))։ Ժամանակն ու մեզ հետ ճանապարհ անցած թե՛ գործընկերների, թե՛ ուսանողների մեծ բանակը մեզ ապացուցեցին, որ որակն ու նվիրումը գնահատվում է միշտ:

Գերմոտիվացված աշխատանքի, միշտ պատրաստակամ թիմի և մեր նկատմամբ ամեն օրվա հետ ձևավորվող վստահության շնորհիվ տարիների ընթացքում մեծացավ թե՛ աշխատանքային տարածքը, թե՛ թիմի կազմը, թե՛ գործընկերների և ուսանողների թիվը։

Իսկ այժմ երկրորդ ամենահաճախ տրվող հարցը․ ինչու ՇԵՄՄ-ից ԲիՕն։

Հին ծառայությունների կատարելագործման և նորերի մշակման պրոցեսում զգացինք, որ հին բրենդը, որը ձևավորվել էր տարիների ընթացքում, չի ներկայացնում այն բոլոր արժեքներն ու աշխատանքի համար ընդունված սկզբունքները, որոնք մենք որդեգրել էինք մեր գործընկերների և ուսանողների հետ շփման պրոցեսում:

Խորհրդակցելով մեզ հետ աշխատող մի շարք բիզնեսմենների հետ, ինքներս մեզ համար մի շատ կարևոր փաստ բացահայտեցինք ․ հիմնական բնութագիրը, որը տրվում էր մեր թիմին նրանց կողմից՝ անհրաժեշտության դեպքում միշտ, ցանկացած պահի նրանց հետ կապի մեջ լինելն ու բոլոր խնդիրներին արագ և կազմակերպված լուծումներ տալու ունակությունն էր։

Մեր նոր անվան հիմքում դրվեց հենց այս գաղափարը․ միշտ կապի մեջ, ցանկացած պահի, ցանկացած իրավիճակում։

Վերաբրենդավորման արդյունքում բացի անվան փոփոխությունից բաժանվել են նաև ծառայությունների մատուցման ոլորտները։

ԲիՕՆ հաշվապահական կենտրոնը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մատուցելու է հաշվապահական լավագույն ծառայությունները՝ խորը մասնագիտացմամբ ամենապրոֆեսիոնալ թիմի հետ միասին։

Մեր ծառայությունների մեջ նորություն է ԲիՕն Սոֆթի կողմից մատուցվող բիզնես պրոցեսների ավտոմատացման ծառայությունը։ Այն իր մեջ ներառելու է առևտրի (ինչպես մանրածախ այնպես էլ մեծածախ) գործընթացների, արտադրության, հանրային սննդի ծառայության, վարսահարդարման ծառայությունների աշխատանքների ավտոմատացման ծրագրերի մշակման, տեղադրման և ուսուցման ծառայությունները։

Ինչ վերաբերում է դասընթացներին, ապա այս ուղղությունը Ձեզ է ներկայանալու ամբողջապես նոր ֆորմատով։ Այսուհետ դասընթացները միավորվելու են ԲիՕն Բիզնես Ակադեմիայի հարկի տակ։ Սա ենթադրում է ինչպես որակապես ավելի նոր և ժամանակակից ծրագրերի մշակում ուսանողների համար, այնպես էլ դասընթացների ուղղությունների ընդլայնում։ Ակադեմիայի հիմնական նպատակն է լինելու պատրաստել կադրեր, որոնք ունեն կենսական նշանակություն ժամանակակից բիզնեսի աճի և զարգացման համար։

Եվ վերջապես ամենամեծ փոփոխությունը․ մենք մեր հաճախորդներին և գործընկերներին ընդունելու ենք ավելի մեծ և հարմարավետ գրասենյակում։ Մենք վառ ապացույցն ենք այն բանի, որ գործունեության վայրը, շուկայի մեծությունը և այլ՝ առաջին հայացքից անհաղթահարելի թվացող շատ խոչընդոտներ, իրականում հաղթահարելի են մեծ երազանքի, անդարար աշխատանքի և որակյալ ու նվիրված թիմի շնորհիվ։

Էական չէ թե Դուք որտեղ եք և ինչ պայմաններ են Ձեզ շրջապատում։ Կարևոր է թե ինչ է կատարվում ձեր գլխում։ Եթե գլխում մեծ գաղափարներ և համարձակ ծրագրեր են ապա հաջողությունն անխուսափելի է։