Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն՝


1) բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, ներդրումային ընկերությունները, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցները, գրավատները, արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի դիլերային-բրոկերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնողները, ներդրումային ֆոնդերը, ֆոնդերի կառավարիչները, վճարահաշվարկային կազմակերպությունները, նոտարները, խաղատների, շահումով խաղերի կամ վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողները.


2) խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, աուդիտորական, ինժեներական, գովազդային, դիզայներական, մարկետինգային, թարգմանչական, փորձագիտական, բժշկական, ատամնատեխնիկական ծառայություններ, տեղեկատվության մշակման (այդ թվում՝ տեղեկատվության հավաքման ու ընդհանրացման) և փոխանցման (հաղորդման), գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական և փորձարարական-տեխնոլոգիական (տեխնոլոգիական) աշխատանքներ կատարողները, հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնողները (բացառությամբ Օրենսգրքի հավելված 3-ով նախատեսված՝ զբոսաշրջային տների միջոցով մատուցվող՝ հյուրանոցային ծառայությունների հետ անմիջականորեն կապված՝ հանրային սննդի (նախաճաշ, ճաշ, ընթրիք) ոլորտի գործունեության), ինչպես նաև սույն ենթակետում նշված աշխատանքներին կամ ծառայություններին համանման այլ աշխատանքներ կատարողները կամ ծառայություններ մատուցողները.


3) Երևան քաղաքի վարչական սահմաններում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս՝ առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև անձնական օգտագործման ավտոմեքենաների առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ կամ էլեկտրոնային առևտրի շրջանակներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը.


4) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակներով զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը՝ այդ գործունեության տեսակների մասով.


5) հարկային տարվա ընթացքում հսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների երրորդ խախտումը կատարած կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը` խախտումն արձանագրելու օրվանից մինչև այդ օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ավարտը.


6) Օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` փոխկապակցված համարվող կազմակերպությունները և ֆիզիկական անձինք, բացառությամբ այն դեպքերի, երբ, Օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, նրանց փոխկապակցված կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք հարկային մարմին են ներկայացրել գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն և հայտարարությունը ներկայացնելու օրվանից հետո, իսկ հայտարարությունում գործունեությունը դադարեցնելու այլ օր նշելու դեպքում` այդ օրվանից հետո փաստացի գործունեություն չեն իրականացրել.


7) Օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` փոխկապակցված համարվող կազմակերպությունները և ֆիզիկական անձինք, եթե հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ փոխկապակցված ճանաչված առևտրային կազմակերպությունների և ֆիզիկական անձանց նախորդ հարկային տարվա կամ ընթացիկ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունների հանրագումարը գերազանցում է 24 միլիոն դրամը.


8)Օրենսգրքի 31-րդ հոդվածով սահմանված` համատեղ գործունեության պայմանագրի, ինչպես նաև ապրանքների մատակարարման` կոմիսիայի կամ ապրանքների մատակարարման` գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ հանդիսացող կազմակերպությունները և ֆիզիկական անձինք.


9) իրենց գործունեության ընթացքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքն օգտագործող՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք.


10) կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին ապրանքների մատակարարման գործարքներ իրականացրած՝ առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը։

Ձեզ կարող է հետաքրքրել