Որքա՞ն գումար է վաստակում ձեր բիզնեսը։ Իսկ որքա՞ն է իրականում մնում բոլոր ծախսերից հետո։
Շատ բիզնեսների սեփականատերեր ամեն օր հետևում են վաճառքներին, պատվերների քանակին ու բանկային հաշվի մնացորդին։ Բայց այս տվյալները բավարար չեն բիզնեսի իրական ֆինանսական վիճակը գնահատելու համար։
Առանձնացրել ենք 5 ֆինանսական ցուցանիշ, որոնց պարբերաբար հետևելը կօգնի ժամանակին նկատել խնդիրներն ու ավելի հիմնավորված որոշումներ կայացնել։
1. Զուտ շահույթ. որքա՞ն գումար է իրականում վաստակում բիզնեսը
Մեծ շրջանառություն դեռ չի երաշխավորում բիզնեսի բարձր շահույթը։
Օրինակ՝ եթե ամսվա ընթացքում ունեցել եք 10 միլիոն դրամի վաճառք, բայց ապրանքների ինքնարժեքը, աշխատավարձերը, վարձակալությունը, հարկերն ու մյուս ծախսերը կազմել են 9 միլիոն դրամ, ձեր զուտ շահույթը 1 միլիոն դրամ է։
Զուտ շահույթը ցույց է տալիս բիզնեսի գործունեության իրական ֆինանսական արդյունքը և օգնում հասկանալ՝ արդյոք վաճառքների աճն հանգեցնում է շահույթի աճին։
2. Դրամական հոսքեր. որքան գումար է մուտք գործում և դուրս գալիս բիզնեսից
Բիզնեսը կարող է շահութաբեր լինել, բայց տվյալ պահին չունենալ բավարար գումար իր պարտավորությունները կատարելու համար։
Օրինակ՝ ծառայությունը մատուցել եք, բայց հաճախորդը վճարելու է հաջորդ ամիս, մինչդեռ աշխատավարձերն ու վարձակալության վճարը պետք է կատարեք հիմա։
Դրամական հոսքերի վերլուծությունն օգնում է հասկանալ՝ երբ և որքան գումար եք ստանալու, ինչ վճարումներ են սպասվում և արդյոք բավարար միջոցներ կունենաք դրանք կատարելու համար։
3. Դեբիտորական պարտքեր. որքան գումար են ձեզ պարտք հաճախորդները
Եթե հաճախորդներին տրամադրում եք հետաձգված վճարման հնարավորություն, կարևոր է վերահսկել՝ որքան գումար պետք է ստանաք, ումից և ինչ ժամկետում։
Ժամկետանց պարտքերի կուտակումը կարող է հանգեցնել շրջանառու միջոցների պակասի, նույնիսկ եթե վաճառքները բարձր են։
Այս ցուցանիշին հետևելը կօգնի ժամանակին վերահսկել պարտքերը և պլանավորել սպասվող մուտքերը։
4. Ծախսերի կառուցվածք. ինչի՞ վրա է ծախսվում բիզնեսի գումարները
Գիտե՞ք՝ ձեր բիզնեսի ընդհանուր ծախսերի որ մասն են կազմում աշխատավարձերը, վարձակալությունը, ապրանքների ձեռքբերումը, մարքեթինգը և մյուս ուղղությունները։
Ծախսերի կառուցվածքի ուսումնասիրությունը թույլ է տալիս հասկանալ՝ որ ուղղություններով են ծախսերն աճում և որտեղ կան օպտիմալացման հնարավորություններ։
Օրինակ՝ եթե վաճառքներն աճել են 10%-ով, իսկ որոշ ծախսեր՝ 30%-ով, արժե ուսումնասիրել այդ տարբերության պատճառները։
5. Շահութաբերության մակարդակ. վաճառքից ստացված գումարի ո՞ր մասն է մնում որպես շահույթ
Երկու բիզնես կարող են ունենալ նույն շրջանառությունը, բայց տարբեր ֆինանսական արդյունքներ։
Օրինակ՝ երկու ընկերությունն էլ ամսական ունեն 10 միլիոն դրամի վաճառք։ Առաջինի զուտ շահույթը 2 միլիոն դրամ է, երկրորդինը՝ 500 հազար դրամ։
Այս դեպքում առաջինի զուտ շահութաբերությունը 20% է, երկրորդինը՝ 5%։
Այս ցուցանիշն օգնում է գնահատել, թե որքան արդյունավետ է բիզնեսը եկամուտը վերածում շահույթի, և հասկանալ՝ ինչպես են փոփոխվում ֆինանսական արդյունքները ժամանակի ընթացքում։
Ինչպե՞ս օգտագործել այս ցուցանիշները բիզնեսի կառավարման մեջ
Այս ցուցանիշներն առավել օգտակար են, երբ դիտարկվում են միասին։
Օրինակ՝
- Շահույթն աճում է, բայց գումարը չի բավարարում ընթացիկ վճարումներին․ արժե ուսումնասիրել դրամական հոսքերն ու հաճախորդների պարտքերը։
- Վաճառքներն աճում են, բայց շահութաբերությունը նվազում է․ հնարավոր է՝ ծախսերն ավելի արագ են աճում, քան եկամուտները։
- Բիզնեսն ունի կայուն եկամուտ, բայց դժվարանում է կատարել վճարումները․ անհրաժեշտ է վերանայել մուտքերի և ելքերի պլանավորումը։
Կարևոր է նաև համեմատել ցուցանիշները նախորդ ամիսների և պլանավորված արդյունքների հետ։
Ինչպե՞ս կարող է օգնել ԲիՕնի ֆինանսական վերլուծությունը
Բիզնեսի ֆինանսական տվյալները պետք է օգնեն սեփականատիրոջը հասկանալ՝ ինչ է կատարվում իր բիզնեսում և ինչ որոշումներ արժե կայացնել։
ԲիՕնի ֆինանսական վերլուծության ծառայության միջոցով ուսումնասիրում ենք եկամուտները, ծախսերը, շահութաբերությունը, դրամական հոսքերն ու մյուս կարևոր ցուցանիշները։
Արդյունքում ստանում եք հստակ պատկեր՝ որ ուղղություններն են առավել շահութաբեր, որտեղ են կենտրոնացած հիմնական ծախսերը և ինչ հնարավորություններ կան ֆինանսական արդյունքները բարելավելու համար։