Ընկերոջ, հարազատի կամ ընտանիքի անդամի հետ բիզնես սկսելը սկզբում նույնիսկ ավելի հեշտ կարող է թվալ։ Դուք ճանաչում եք իրար, վստահում եք միմյանց, երկար բանակցությունների կարիք էլ կարծես չկա։
Բայց հենց այս վստահությունն էլ երբեմն դառնում է ամենամեծ ռիսկը։
Անձնական հարաբերությունները խառնվում են աշխատանքայինին
Երբ գործընկերդ նաև մտերիմ մարդ է, աշխատանքային անհամաձայնությունը միշտ չէ, որ մնում է միայն աշխատանքի շրջանակում։ Դժվար է ասել՝ «այս որոշման հետ համաձայն չեմ», պահանջել արդյունք կամ բարձրացնել պատասխանատվության հարցը՝ առանց մտածելու, թե դա ինչպես կազդի ձեր հարաբերությունների վրա։
Բիզնեսում կարևոր է հենց սկզբից պայմանավորվել, որ աշխատանքային հարցերը քննարկվում են որպես գործընկերներ, նույնիսկ եթե աշխատանքից դուրս դուք ընտանիք կամ ընկերներ եք։
Աշխատանքը միշտ չէ, որ հավասար է բաժանվում
Մեկը կարող է ավելի շատ ժամանակ հատկացնել բիզնեսին, մյուսը՝ ավելի շատ գումար ներդնել։ Մի քանի ամիս անց բնական հարց է առաջանում՝ արդյո՞ք շահույթն էլ պետք է հավասար բաժանվի։
Այն, ինչ ընկերական հարաբերություններում կարելի էր անտեսել, բիզնեսում արդեն դառնում է ֆինանսական հարց։
Բիզնեսի գումարը կարող է խառնվել անձնականի հետ
Հատկապես ընտանեկան բիզնեսներում հեշտ է մտածել՝ «մեր ընդհանուր գումարն է»։ Բայց բիզնեսը պետք է ունենա իր եկամուտները, ծախսերը, պարտավորություններն ու ֆինանսական հաշվառումը։
Հակառակ դեպքում որոշ ժամանակ անց դժվար է հասկանալ՝ բիզնեսն իրականում որքան է վաստակում և ով ինչ գումար է ներդրել կամ վերցրել։
Իսկ եթե մի օր մեկը որոշի դուրս գալ բիզնեսից
Սա այն հարցերից է, որի մասին ամենաքիչն են ցանկանում խոսել սկզբում։
Ի՞նչ է լինում նրա մասնաբաժնի հետ, ինչպե՞ս է այն գնահատվում, ո՞վ կարող է գնել, ի՞նչ է լինում ընդհանուր գույքի կամ պարտավորությունների հետ։
Այս հարցերը շատ ավելի հեշտ է քննարկել այն ժամանակ, երբ հարաբերությունները լավ են, քան այն պահին, երբ արդեն կոնֆլիկտ կա։
Ուրեմն՝ մտերիմների հետ բիզնես չսկսե՞լ
Մտերիմ լինելը ինքնին խնդիր չէ։ Խնդիր կարող է դառնալ այն ակնկալիքը, որ վստահությունը կարող է փոխարինել հստակ պայմանավորվածություններին։
Նույնիսկ ամենամտերիմ մարդու հետ բիզնես սկսելիս արժե նախապես սահմանել՝ ով ինչ է ներդնում, ինչ իրավունքներ ու պարտականություններ ունի, ինչպես են կայացվում որոշումները, ինչպես է բաշխվում շահույթը և ինչ է տեղի ունենում, եթե համագործակցությունը դադարում է։
Լավ ձևակերպված պայմանավորվածությունները հարաբերությունների նկատմամբ անվստահություն չեն։
Դրանք օգնում են, որ բիզնեսի խնդիրները մի օր չդառնան նաև անձնական հարաբերությունների խնդիր։