Գլխավոր

Բլոգ

Շրջանառության հա՞րկ, թե՞ ԱԱՀ․ ինչպե՞ս հասկանալ՝ որ հարկման համակարգն է համապատասխանում ձեր գործունեությանը

Շրջանառության հա՞րկ, թե՞ ԱԱՀ․ ինչպե՞ս հասկանալ՝ որ հարկման համակարգն է համապատասխանում ձեր գործունեությանը

Taxation System Blog

Բիզնես գրանցելիս ամենակարևոր որոշումներից մեկը հարկման համակարգի ընտրությունն է։ Դրանից է կախված, թե ինչպես են հաշվարկվելու ձեր հարկերը, ինչ պարտավորություններ եք ունենալու և որքան գումար է բիզնեսին մնալու իր ծախսերը կատարելուց հետո։

Հաճախ սկսնակ բիզնեսները նախընտրում են շրջանառության հարկը՝ մտածելով, որ այն ավելի պարզ ու շահավետ տարբերակ է։ Բայց իրականում միշտ չէ, որ ցածր թվացող հարկային դրույքաչափը նշանակում է ավելի քիչ հարկային բեռ։

Իսկ ինչպե՞ս հասկանալ՝ որ համակարգն է ավելի նպատակահարմար հենց ձեր բիզնեսի համար։

Ի՞նչ տարբերություն կա շրջանառության հարկի և ԱԱՀ-ի միջև

Շրջանառության հարկը հարկատեսակ է, որի դեպքում հաշվարկը իրականացվում է գործունեության համապատասխան տեսակներից ստացված եկամուտների նկատմամբ սահմանված դրույքաչափերով։ Որոշ գործունեության տեսակների համար օրենսդրությունը նախատեսում է նաև փաստաթղթավորված ծախսերի հաշվին հարկի նվազեցման մեխանիզմներ և նվազագույն հարկային շեմեր։

ԱԱՀ-ն կիրառվում է ընդհանուր հարկման համակարգում։ Այս համակարգում բիզնեսը, որպես կանոն, հաշվարկում է իր վաճառքների ԱԱՀ-ն և օրենքով սահմանված պայմանների առկայության դեպքում հաշվանցում ձեռքբերումների ԱԱՀ-ն։

Կարևոր է հասկանալ նաև, որ ընդհանուր հարկման համակարգում ԱԱՀ-ից բացի կարող է առաջանալ շահութահարկի պարտավորություն։ Հետևաբար երկու տարբերակները համեմատելիս պետք է գնահատել ընդհանուր հարկային բեռը։

Ինչի՞ն ուշադրություն դարձնել ընտրություն կատարելիս
1. Ձեր գործունեության ոլորտը

Առևտուր, ծառայությունների մատուցում, արտադրություն․ յուրաքանչյուր ոլորտ ունի իր առանձնահատկությունները։

Օրինակ՝ առևտրով զբաղվող բիզնեսի համար կարևոր են ապրանքների ձեռքբերման արժեքը, փաստաթղթավորված ծախսերը և վաճառքի մարժան։ Իսկ ծառայություններ մատուցող ընկերության դեպքում ծախսերի կառուցվածքը կարող է բոլորովին այլ լինել։

Բացի այդ, որոշ գործունեություններ չեն կարող օգտվել շրջանառության հարկի համակարգից։ Ուստի նախ պետք է պարզել՝ արդյոք ձեր գործունեությունն առհասարակ համապատասխանում է այդ համակարգի կիրառման պայմաններին։

2. Ձեր բիզնեսի շրջանառությունը

Շրջանառության հարկի համակարգից օգտվելու համար գործում են օրենքով սահմանված պայմաններ, այդ թվում՝ տարեկան շրջանառության շեմ։

Եթե բիզնեսն արդեն գերազանցում է սահմանված շեմը կամ մոտենում է դրան, հարկման համակարգի ընտրությունն ու հնարավոր փոփոխությունը պետք է նախապես պլանավորել։

Կարևոր է հաշվի առնել նաև սպասվող աճը։ Այն համակարգը, որն այսօր հարմար է փոքր շրջանառությամբ բիզնեսին, կարող է այլևս նպատակահարմար չլինել գործունեության ընդլայնման դեպքում։

3. Ձեր ծախսերը և դրանց փաստաթղթավորումը

Երկու նույն շրջանառությունն ունեցող բիզնեսներ կարող են ունենալ բոլորովին տարբեր հարկային բեռ։

Պատճառը ծախսերն են, դրանց կառուցվածքը և փաստաթղթավորումը։

Պետք է հասկանալ՝ որքան են կազմում ապրանքների կամ ծառայությունների ձեռքբերման ծախսերը, դրանցից որոնք են պատշաճ փաստաթղթավորված և ինչ ազդեցություն կարող են ունենալ հարկերի հաշվարկի վրա։

4. Ո՞ւմ հետ եք աշխատում

Կարևոր է նաև, թե ովքեր են ձեր հիմնական հաճախորդները՝ ֆիզիկական անձինք, թե՞ կազմակերպություններ։

Օրինակ՝ ԱԱՀ վճարող կազմակերպության համար կարող է կարևոր լինել համագործակցել ԱԱՀ վճարողների հետ հաշվանցման հնարավորությունից ելնելով։

Հետևաբար հարկման համակարգի ընտրությունը կարող է ազդել նաև ձեր գնագոյացման և այլ բիզնեսների հետ համագործակցության պայմանների վրա։

5. Որքա՞ն շահույթ է իրականում մնում բիզնեսին

Ամենակարևոր հարցը սա է՝ երկու համակարգերից յուրաքանչյուրի դեպքում որքան հարկ կվճարեք և որքան գումար կմնա բիզնեսին։

Դրա համար անհրաժեշտ է հաշվարկել հնարավոր հարկային պարտավորությունները երկու տարբերակով՝ հաշվի առնելով իրական շրջանառությունը, ծախսերը, գործունեության տեսակը և նախատեսվող փոփոխությունները։

Միայն այդ համեմատությունից հետո կարելի է հասկանալ, թե որ համակարգն է ֆինանսապես ավելի նպատակահարմար։

Իսկ հնարավո՞ր է փոխել հարկման համակարգը

Այո, սակայն հարկման համակարգի փոփոխությունն ունի օրենքով սահմանված պայմաններ և ժամկետներ։

Օրինակ՝ եթե բիզնեսի տարեկան իրացման շրջանառությունը գերազանցում է 115 միլիոն դրամը, ընդհանուր հարկման համակարգին անցնելու պարտավորություն կարող է առաջանալ օրենքով սահմանված կարգով։ Հնարավոր է նաև կամավոր անցում ԱԱՀ-ի համակարգ։

Միևնույն ժամանակ, շրջանառության հարկի համակարգն ընտրելու համար անհրաժեշտ է համապատասխան հայտարարությունը ներկայացնել սահմանված ժամկետում։

Այդ պատճառով հարկման համակարգը փոխելուց առաջ կարևոր է գնահատել դրա ֆինանսական հետևանքները և ստուգել օրենսդրական պահանջները։

Ինչպե՞ս ընտրել ձեր բիզնեսին համապատասխան հարկման համակարգը

Միայն այն փաստը, որ մեկ այլ ընկերություն նույն ոլորտում ավելի քիչ հարկ է վճարում, դեռ չի նշանակում, որ նրա ընտրած համակարգը շահավետ կլինի նաև ձեզ համար։

Ճիշտ ընտրության համար պետք է հասկանալ՝

  • Որ հարկման համակարգերից կարող է օգտվել ձեր բիզնեսը։
  • Որքան հարկ կվճարեք յուրաքանչյուր տարբերակի դեպքում։
  • Ինչ ազդեցություն կունենան ձեր ծախսերը, գնագոյացումը և հաճախորդների կառուցվածքը։
  • Ինչ կփոխվի, եթե բիզնեսի շրջանառությունն աճի։
ԲիՕնում օգնում ենք գնահատել ձեր բիզնեսի հարկային իրավիճակը, համեմատել հնարավոր տարբերակներն ու ընտրել օրենսդրությամբ թույլատրելի, ֆինանսապես առավել նպատակահարմար մոտեցումը։

Եթե արդեն գործում եք, բայց կասկածում եք, որ ձեր հարկային բեռը կարող էր ավելի փոքր լինել, հաշվապահական դիագնոստիկան կարող է օգնել պարզել՝ արդյոք կան հարկային օպտիմալացման հնարավորություններ։

Ձեզ կարող են նաեւ հետաքրքրել հետեւյալ թեմաները

Accounting Mistakes Thumbnail

7 հաշվապահական սխալ, որոնք կարող են տարիներով աննկատ մնալ

7 հաշվապահական սխալ, որոնք կարող են տարիներով աննկատ մնալ

Կարդալ Ավելին

Financial Indicators Thumbnail

5 ֆինանսական ցուցանիշ, որոնք յուրաքանչյուր բիզնեսի սեփականատեր պետք է վերահսկի։

5 ֆինանսական ցուցանիշ, որոնք յուրաքանչյուր բիզնեսի սեփականատեր պետք է վերահսկի։

Կարդալ Ավելին

Miscalculations Thumbnail

Հաշվապահության մեջ խնդիրը միշտ չէ որ սխալ հաշվարկներն են։

Հաշվապահության մեջ խնդիրը միշտ չէ որ սխալ հաշվարկներն են։

Կարդալ Ավելին

Սկսե՞նք համագործակցել

Սկսե՞նք համագործակցել