Բիզնեսի առաջին տարիներին հիմնական ուշադրությունը սովորաբար գնում է վաճառքին, հաճախորդներին ու աճին։ Իսկ հաշվապահական խնդիրների մի մասը կարող է երկար ժամանակ չերևալ և ի հայտ գալ այն պահին, երբ արդեն հասցրել է հետևանքներ ստեղծել։
Ահա 5 իրավիճակ, որոնց արժե ուշադրություն դարձնել հենց սկզբից։
1. Սկզբում սխալ ընտրված հարկման համակարգ
Բիզնեսը գրանցելիս ընտրված հարկման համակարգը կարող է որոշ ժամանակ անց այլևս չհամապատասխանել գործունեության ծավալին կամ առանձնահատկություններին։ Արդյունքում կարող եք ունենալ ավելի մեծ հարկային բեռ կամ բաց թողնել ձեզ հասանելի հնարավորությունները։
2. Բիզնեսի ու անձնական գումարները խառնվում են
Սկզբնական շրջանում սեփականատերը հաճախ բիզնեսի հաշվից կատարում է անձնական ծախսեր կամ սեփական միջոցներով վճարում բիզնեսի պարտավորությունները՝ առանց դրանք ճիշտ առանձնացնելու ու ձևակերպելու։
Ժամանակի ընթացքում սա դժվարացնում է հաշվառումը և խանգարում հասկանալ՝ իրականում որքան գումար ունի բիզնեսը, ինչ ծախսեր է կատարում և ինչ արդյունք է ստանում։
3. Հաշվապահությունն իմանում է գործարքի մասին՝ այն կատարելուց հետո
Նոր պայմանագիր, արտասահմանից գնում, աշխատակցի ընդունում կամ գործունեության նոր ուղղություն․ որոշ քայլեր կարող են նաև հարկային ու հաշվապահական հետևանքներ ունենալ։
Եթե հաշվապահը դրանց մասին իմանում է արդեն փաստի առաջ կանգնելուց հետո, հնարավոր լուծումների շրջանակը կարող է շատ ավելի սահմանափակ լինել։
4. Բիզնեսն աճում է, բայց սեփականատերը չի տեսնում իրական թվերը
Շրջանառությունը մեծանում է, գումար է մուտք գործում, հարկերը վճարվում են, բայց դեռ պարզ չէ՝ իրականում որքան է բիզնեսը վաստակում, ինչ պարտավորություններ ունի և որտեղ են ավելանում ծախսերը։
Այս փուլում հաշվապահական տվյալները պետք է արդեն օգնեն նաև հասկանալ բիզնեսի իրական վիճակը։
5. Առաջին տարվա փոքր սխալները տեղափոխվում են երկրորդ տարի
Չճշտված մնացորդներ, սխալ գրանցումներ, բացակայող փաստաթղթեր կամ այլ անհամապատասխանություններ կարող են ամիսներով կուտակվել։ Եվ որքան ուշ են դրանք հայտնաբերվում, այնքան ավելի շատ ժամանակ ու աշխատանք կարող է պահանջվել ամբողջ պատկերը վերականգնելու համար։
Բիզնեսի առաջին երկու տարիներին լավ հաշվապահության խնդիրը միայն հաշվետվությունները ժամանակին ներկայացնելը չէ։
Կարևոր է հենց սկզբից կառուցել հաշվառում, որը բիզնեսի աճի հետ նոր խնդիրների աղբյուր չի դառնա։