«Աշխատում ենք, վաճառում ենք, նույնիսկ շահույթ ենք ցույց տալիս, բայց հաշվի վրա գումար չկա»։
Սա այն իրավիճակներից է, որը հաճախ շփոթեցնում է բիզնես ղեկավարներին։ Շատերի համար շահույթն ու գումարը նույն հասկացություններն են թվում, սակայն իրականում դրանք տարբեր ֆինանսական ցուցանիշներ են, և հենց այդ տարբերությունն է հաճախ դառնում ֆինանսական դժվարությունների պատճառ։
Շահույթը և գումարը նույնը չեն
Շահույթը հաշվապահական ցուցանիշ է, որը ստացվում է եկամուտների ու ծախսերի տարբերության արդյունքում։
Գումարը բիզնեսի իրական դրամական միջոցներն են, որոնք առկա են հաշվին կամ դրամարկղում տվյալ պահին։
Հնարավոր է ունենալ շահույթ, բայց չունենալ բավարար դրամական միջոցներ ընթացիկ պարտավորությունները կատարելու համար։ Հենց այդ պատճառով ֆինանսական առողջ վիճակը գնահատելիս միայն շահույթին նայելը բավարար չէ։
1․ Վաճառել եք, բայց գումարը դեռ չեք ստացել
Օրինակ՝ ապրանքը վաճառվել է 10 միլիոն դրամով, և այդ վաճառքը արդեն ներառվել է եկամուտների մեջ։
Սակայն եթե հաճախորդը պետք է վճարի 60 կամ 90 օր հետո, ապա այդ գումարը դեռ չի մուտքագրվել ձեր հաշվին։
Փաստացի հաշվարկներով ունենք շահույթ, բայց դրամական միջոցները դեռ հասանելի չեն։
Այս իրավիճակը հատկապես հաճախ է հանդիպում մեծածախ առևտրի եւ արտադրության դեպքում, որտեղ վաճառքների զգալի մասը կատարվում է հետվճարի պայմաններով։ Եթե դեբիտորական պարտքերը մեծանում են, բիզնեսը կարող է զգալ դրամական միջոցների պակաս նույնիսկ աճող վաճառքների պայմաններում։
2․ Գումարը «մնացել է» պահեստում
Բազմաթիվ բիզնեսներում մեծ գումարներ «սառեցվում» են ապրանքային մնացորդների տեսքով։
Դուք կարող եք գնել մեծ քանակի ապրանք, վճարել դրա համար այսօր, բայց վաճառել միայն ամիսներ անց։
Այս դեպքում ստացվում է որ, գումարը դուրս է եկել բիզնեսից, սակայն դեռ չի վերադարձել դրամական հոսքերի մեջ։
Հաճախ բիզնեսները պահեստում ունենում են ապրանքներ, որոնք դանդաղ են իրացվում կամ տվյալ պահին պահանջարկ չունեն։
Արդյունքում հաշվեկշռում առկա է ակտիվ, սակայն այդ ակտիվը չի կարող օգտագործվել աշխատավարձեր, հարկեր կամ մատակարարների պարտավորություններ վճարելու համար։
3․ Վարկերի և պարտքերի մարումներ
Շահույթի հաշվարկում վարկի հիմնական գումարի մարումը ծախզղցվս չի համարվում։
Սակայն իրականում բիզնեսը վճարում է այդ գումարը։
Արդյունքում կարող է ստեղծվել իրավիճակ, երբ ֆինանսական հաշվետվություններում շահույթ կա, բայց դրամական միջոցների զգալի մասը ուղղվում է պարտավորությունների մարմանը։
4․ Չկա դրամական հոսքերի պլանավորում
Շատ ղեկավարներ հետևում են վաճառքներին և շահույթին, բայց չեն վերահսկում, թե երբ են մուտքագրվելու գումարները և երբ են առաջանալու վճարումները։
Արդյունքում ստեղծվում են իրավիճակներ, երբ բիզնեսը շահույթ է ստեղծում, սակայն ժամանակավորապես հայտնվում է դրամական ճնշման տակ։
Օրինակ՝ հնարավոր է ամսվա ընթացքում նախատեսված լինեն խոշոր հարկային վճարումներ, աշխատավարձեր կամ մատակարարների հետ հաշվարկներ, մինչդեռ հիմնական մուտքերը սպասվում են ավելի ուշ։
Եթե դրամական հոսքերը նախապես չեն պլանավորվում, նույնիսկ լավ ֆինանսական արդյունք ունեցող բիզնեսը կարող է բախվել վճարունակության խնդիրների։
Ի՞նչ պետք է վերահսկի բիզնեսի ղեկավարը
Եթե ցանկանում եք հասկանալ բիզնեսի իրական ֆինանսական վիճակը, անհրաժեշտ է վերահսկել ոչ միայն շահույթը, այլ նաև՝
- դրամական միջոցների շարժը,
- դեբիտորական պարտքերը,
- կրեդիտորական պարտքերը,
- պահեստային մնացորդները,
- առաջիկա վճարումները,
- կանխատեսվող մուտքերը։
Հենց այս ցուցանիշների համադրությունն է ցույց տալիս, թե որքան առողջ է բիզնեսի ֆինանսական վիճակը։ Դրանք օգնում են հասկանալ՝ որտեղ են կենտրոնացած բիզնեսի միջոցները, ինչ ռիսկեր կարող են առաջանալ առաջիկայում և ինչ որոշումներ է անհրաժեշտ կայացնել այսօր։
Երբ ղեկավարը տեսնում է ոչ միայն շահույթը, այլ նաև ամբողջ դրամական պատկերը, կարողանում է ավելի վստահ պլանավորել ծախսերը, խուսափել կանխիկի պակասից և կայացնել ավելի հիմնավորված որոշումներ։