►Գործուղումը գործատուի կամ նրա ներկայացուցչի կողմից աշխատողի աշխատանքի հիմնական վայրից (քաղաք, գյուղ) դուրս որոշակի ժամկետով այլ վայրում աշխատանք կատարելու հանձնարարություն է:
►Գործուղման մեկնելու օր է համարվում աշխատողի աշխատանքի հիմնական վայրից մեկնելու օրը, իսկ վերադառնալու օրը` աշխատանքի հիմնական վայր ժամանելու օրը:
►Գործուղված աշխատողին հատուցվում է օրապահիկը, գիշերավարձը, աշխատանքի հիմնական վայրից գործուղման վայրեր մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսը, ճանապարհին հարկադրական կանգառի ժամանակ հյուրանոցներում և համանման օբյեկտներում տեղերն ամրագրելու վճարը, պետական տուրքերը, մուտքի արտոնագրի ձևակերպման հետ կապված ծախսերը, ինչպես նաև գործուղման հետ կապված կապի (հեռախոս, ֆաքս, ինտերնետ ծառայություն), փաստաթղթերի թարգմանության և վավերացման, գործուղման հետ կապված այլ ծախսեր` համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:
►Աշխատանքի հիմնական վայրից մինչև 30 կմ հեռավորությամբ այլ վայր մեկնելու դեպքում գործուղվող աշխատողին հատուցվում է միայն գործուղման ճանապարհածախսը:
►Աշխատանքի հիմնական վայրից 30 կիլոմետրից ավելի հեռավորությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում այլ վայր մեկնելու և նույն օրը վերադառնալու դեպքում գործուղվող աշխատողին հատուցվում են օրապահիկը և աշխատանքի հիմնական վայրից գործուղման վայր (վայրեր) մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսը:
►Գործուղվող աշխատողին գործուղման ծախսերի հատուցումը տրվում է գործուղում մեկնելուց առնվազն մեկ օր առաջ: Գործուղումից վերադառնալուց և աշխատանքի ներկայանալուց հետո, 3 աշխատանքային օրվա ընթացքում աշխատողը պարտավոր է ներկայացնել գործուղման վկայականը, փաստացի կատարված ծախսերի հաշվետվությունը, գործուղման ծախսերը հաստատող փաստաթղթերը: