Սեփական բիզնես սկսելը ինքնուրույնության և անկախության լրիվ այլ մակարդակ է:
Բոլորն են ձգտում դրան, բայց շատ քչերն են, որ նպատակասլաց կերպով գնում են դեպի իրենց երազանքը։
Բիզնեսի հիմնումն այնքան էլ հեշտ գործ չէ, որքան թվում է կողքից։ Բոլոր դժվարությունները հաղթահարելու և ռիսկերը նվազեցնելու համար անհրաժեշտ է հստակ պատկերացնել ողջ գործընթացը ինչն էլ կանենք միասին։
Դե ինչ, տեսնենք, թե որոնք են այն 7 հիմնական քայլերը, որ պարտադիր են բիզնեսը 0-ից սկսելիս։
Հիմնական ոլորտները 3-ն են․ առևտուր, ծառայությունների մատուցում և արտադրություն։ Այս ընտրության հիմքում պետք է ընկած լինեն ձեր իսկ ունակությունները։ Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչն է ձեզ մոտ ավելի լավ ստացվում։ Որոշ մարդիկ հստակ գիտեն ծառայությունների մատուցման նրբությունները, որոշներն ի ծնե տաղանդավոր վաճառողներ են, որոշներն էլ գիտեն արտադրական գործընթացն իրենց 5 մատի պես։ Կարևոր է, որ առաջնորդվեք հիմք ընդունելով ձեր ցանկությունները, ոչ թե նայելով, թե որ տարբերակով են շուկայում ավելի շատ գումար վաստակում։ Առաջին փուլից սկսած գումարի մասին մտածելը երբեք ոչ ոքի հաջողություն չի բերել։
✔Հստակ նպատակի սահմանում:
Յուրաքանչյուր բնագավառում, իսկ բիզնեսի ստեղծման հարցում առավել ևս կենսական նշանակություն ունի նպատակի հստակ սահմանումը։ Համաձայնեք՝ երբ գիտես ուր ես գնում և ընտրում ես համապատասխան ճանապարհը տեղ հասնելը շատ ավելի արագ է ստացվում։ Ձեր նպատակները պետք է լինեն ռեալ՝ ձեր առկա հնարավորությունների սահմաններում, չափելի, քանի որ վերջ ի վերջո դուք ձեր քայլերի արդյունավետությունը հասկանալու խնդիր եք ունենալու, և անպայման նպատակը պետք է սահմանված լինի կոնկրետ ժամանակահատվածի համար։ Բոլորս էլ գիտենք՝ երբ սահմանափակված ենք ժամանակով աշխատանքն անում ենք շատ ավելի արագ և արդյունավետ։
✔Ապագա մրցակիցների ուսումնասիրություն:
Սա շատ կարևոր է, քանի որ նայելով մրցակիցներին դուք կարող եք տեսնել ձեզ՝ որոշ ժամանակ հետո։ Հնարավորություն ունենալով ուսումնասիրել նրանց, տեսնել կայացված որոշումների հետևանքները, հասկանալ արված սխալների իրական պատճառները կապահովագրեք ձեզ հետագայում հնարավոր նույն ռիսկերից։ Միշտ հիշեք՝ ամենաօգտակար գիտելիքը փորձի վրա ձեռք բերվածն է։
✔Ունիկալ առևտրային առաջարկի ձևավորում:
Շատ դժվար է 0-ից մտնել շուկա մրցակցային նման մեծ ճնշման պայմաններում։ Այժմ գրեթե չկա ապրանք կամ ծառայություն, որով շուկան ողողված չլինի և այդ մրցավազքում պատվավոր տեղում հայտնվելու միակ տարբերակը մյուսներից որևէ բանով տարբերվելն է։ Անհրաժեշտ է մշակել այնպիսի առաջարկ, որը կօգնի ձեզ տարբերվել մյուսներից, կստեղծի ձեր մասին դրական կարծիք հաճախորդների մոտ և կդառնա ձեր իսկ տարբերանշանը միևնույն ապրանքի կամ ծառայության միլիոնավոր տարատեսակների մեջ։
✔Ձեր ներկայացման վայրը․ օնլայն կամ օֆլայն:
Տեխնոլոգիաների ընձեռած ամենամեծ հնարավորություններից մեկն էլ հենց օնլայն բիզնեսի ստեղծումն ու առաջխաղացումն է։ Տարիներ առաջ հնարավոր չէր անգամ պատկերացնել բիզնեսն առանց առանձնացված տարածքի առկայության, որն էլ իր հետ բերում էր հավելյալ ծախսեր։ Իհարկե օֆլայն տիրույթում բիզնեսի ներկայացվածությունը խոսում է իր լրջության և կայացածության մասին, սակայն սկզբնական շրջանում հնարավորության դեպքում օնլայն աշխատելը թույլ կտա կրճատելու պահանջվող ծախսերը։
✔Պրոֆեսիոնալ խորհրդատվության ստացում:
Առաջին հայացքից ամեն ինչ պարզ է։ Կազմակերպաիրավական ձևն ընտրելիս սկզբում գրեթե բոլոր բիզնեսները ընտրում են ամենապարզ տարբերակը՝ անհատ ձեռնարկատերը։ Սակայն ամեն ինչ այնքան էլ պարզ չէ։ Ստանալով նախնական խորհրդատվություն դուք հստակ կպատկերացնեք՝ հենց ձեզ համար որ կազմակերպաիրավական ձևով և որ հարկային համակարգում գործունեություն ծավալելն է ավելի ձեռնտու։ Սրա շնորհիվ ևս կխուսափեք ձեր դեռ նոր ստեղծված բիզնեսը ավելորդ ռիսկերի ենթարկելուց։
✔Ֆինանսավորման աղբյուրների ընտրություն:
Մինչ բիզնեսը ստեղծելն ամենայն ուշադրությամբ ուսումնասիրեք ձեր բիզնեսի ստեղծման համար բոլոր հնարավոր ֆինանսավորման աղբյուները․ սեփական միջոցներ, վարկեր, այլ անձանց ներդրումներ, ծրագրային դրամաշնորհներ և այլն։ Չշտապելով և ուսումնասիրելով բոլոր հնարավոր տարբերակները միանշանակ կկարողանաք ընտրել ձեր բիզնեսի համար առավել ձեռնտու տարբերակը։
Իսկ եթե արդեն ունեք գաղափար, ապա հավատացեք՝ այն կյանքի կոչելու ճիշտ ժամանակն է: